Պարզապես Մեծանում եմ…

Ես եմ՝ պատանի մեկը, որ ամեն քայլից առաջ եւ հետո նոր բան է հասկանում ու սովորում: Հնարավոր է, որ չհավատաք ինձ կամ ասածիս կասկածանքով մոտենաք, բայց ես երջանիկ եմ: Անընդհատ պտտվող աշխարհի արագությանը համընթաց շարժվելը բավականին բարդ է պատանի մի տղայի կամ աղջկա համար: Այս տարիքը շատ «հավես» տարիք է. երբ սիրահարվում ես, հիասթափվում, դավաճանվում ընկերներիդ կողմից, զարմանում, սկսում մտածել ապագայի մասին, երբ ձեւավորում ես գաղափարներդ ու աշխարհհայացքդ, երբ ընկերներիդ հետ խելագարություններ ես անում, երբ սկսում ես մտածել քո ով կամ ընդհանրապես ինչու լինելու, գոյություն ունենալու մասին, երբ խառնվում ես ու սայթաքում ու քեզ թվում է, թե ոչ ոք չի հասկանում քեզ, երբ պարզապես ժպտում ես ու անցնում:

Եթե դիտենք մեծահասակի տեսանկյունից, ապա մեր վիճակը (դեռահասներիս) կյանքի սովորական փուլերից մեկն է (որն, իհարկե, այդպես է), որ յուրաքանչյուրն էլ անցնում է: Բայց մեր տեսանկյունից՝ դա մեր դրությունն է՝ ներկա վիճակը. ոչ ոքի ասածը այնքան ազդեցություն չի ունենում մեզ վրա, որքան մեր իսկ կատարած որոշումները, որոնց արդյունքում անպայման մի բան ենք սովորում: Կյանքը որոշումների ամբողջություն է: Դրանց մի մասը ճիշտ է, մյուսը՝ սխալ: Սխալ որոշումների իմաստն այն է, որ դրանք ընդունելով, մենք փորձ ու իմաստություն ենք ձեռք բերում՝ մեր իսկ մաշկի վրա զգալով մեր սխալի արդյունքը: Հետեւաբար, ճիշտ որոշումները սխալ որոշումների արդյունքներն են:

Ես՝ նույնպես լինելով պատանի մի աղջիկ, շարունակում եմ իմ քայլերթն այս պտտվող աշխարհում՝ իմ ճիշտ ու սխալ քայլերով ու որոշումներով: Ես հաշվի եմ առնում ինձ տրված խորհուրդները: Ինձ վրա բավականին մեծ ազդեցություն են ունենում իմ կատարած որոշումների արդյունքները:

Ամենակարեւոր բաներից մեկը, որ հասկացել եմ, սա է. ոչ ոքի միանգամից չթողնես քո սիրտ՝ մինչեւ չճանաչես նրան, որովհետեւ հետո շատ կցավա: Կոտրիր հպարտությունդ, ինչքան էլ վիրավորված լինես եւ ընդունիր քո սխալները, լցվիր սիրով այլ ոչ թե բարկությամբ: Ժամանակն անցնում է, աշխարհը պտտվում, իսկ դու ինչու՞ ես դոփում նույն տեղում: Փոխիր քեզ, ընկերներիդ. այդպես աշխարհն ես փոխում: Ես երջանիկ եմ, քանզի ունեմ ապրելու իմաստ, ունեմ ընտանիք, ունեմ կյանքի ընկերներ, որոնք իմ կյանքը ջերմացնում են: Եթե չունես ապրելու իմաստ, կյանքդ դժվար ու անհամ է: Հիմա իմ շուրջը տեսնում եմ հազարավոր հասակակիցներ, որ անիմաստ բարդացնում են իրենց կյանքը: Ես հաջողակ մեկն եմ, քանզի ունեմ իմ ապրելու իմաստը:

Միշտ չէ, որ ամեն բան լինում է այնպես, ինչպես որ ես եմ ուզում, բայց գիտեմ, որ ամենը, որ լինում է, լինում է ի շահ ինձ՝ նույնիսկ ցավերն ու դժվարությունները:

Ես ձեւավորել ու ձեւավորում եմ իմ գաղափարներն ու աշխարհհայացքը: Ես արդեն ունեմ անկոտրում գաղափարներ ու հավատք, որոնց համար պայքարում եմ ու կպայքարեմ: Ունեցել եմ վախեր, որ արդեն չկան, եղել եմ ամաչկոտ մի աղջնակ, որ միշտ փորձել է ոչնչի չխառնվել, բայց հիմա ավելի համարձակ ու ազատ եմ: Իհարկե՝ փորձում եմ ամենը չափի մեջ պահել: Ես իմ ներսում գիտեմ, որ շատ-շատ եմ փոխվել եւ դեռ էլի կփոխվեմ, բայց հավատքն առ Աստված՝ Հիսուս, Հայր ու Սուրբ Հոգի, միշտ իմ սրտում է լինելու: Դրանում կասկած չունեմ:

Մարդիկ շարունակաբար խոսելու են՝ քո արարքների տակ տեսնելով մտադրություններ, որոնք նույնիսկ մտքիդ ծայրով չեն անցել: Դու պարզապես պետք է ընդունես քո սխալներն ու զղջաս, առաջ անցնես, որովհետեւ աշխարհի անընդհատ արագացող պտույտը նույնիսկ մեկ վայրկյան չի կանգնի քեզ համար:

Ամեն պատանի ունի իր աշխարհհայացքը. մեկը հավատում է, մյուսը ձեւական է հավատում, մյուսը մերժում է, մյուսն իրեն կապիկի հետնորդ կամ պատահականություն է համարում եւ այսպես շարունակ: Իմ տեսակետը ես հայտնել եմ բազմիցս: Հիմա կասեմ միայն սա. ես կսարսափեմ ընդունել կամ նույնիսկ մտածել այն փաստի մասին, որ ես պատահականություն եմ, որ ծնվել եմ անիմաստ ու գնալու եմ անիմաստ, որ ծնվել կամ առաջացել եմ կապկանման արարածից: Գիտությունը չի կարող պատասխանել բոլոր հարցերին. այն պատասխանում է «ինչպե՞ս», այլ ոչ թե «ինչու՞» հարցին: Ինչպե՞ս կարող է մի նյութից կամ դրա աննպատակային ու պատահական բախումից կամ կապկից առաջացած էակը փնտրել սեր, հույս ու ջերմություն, կարիք ունենալ մտերմության ու հարցերի պատասխանների: Մնացածներն ինչ ուզում են թող ժխտեն կամ ապացուցեն. ես կսարսափեմ ընդունելուց, որ ատոմների կամ բջիջների անիմաստ հավաքակազմ եմ: Ես իմաստ ունեմ, ես սովորական փոշեհատիկից ավելին եմ: Քեզ նման…

Եթե ամեն քայլից առաջ կամ ընդհանրապես կյանքում մտածեմ շահի մասին, կդառնամ անսիրտ մի ռոբոտ կամ մեխանիզմ, որ շեղվում է նպատակից, քանզի կան բաներ, որ անբացատրելի են, որոնք պիտի զգաս ու ապրես: Աշխատիր այնպես ապրել, որ ցավացող աշխարհը լցվի քեզնից բխող բարությամբ ու սիրով: Ժամանակի անիմաստ վատնումը, գոռոզությունը, հպարտությունը քեզ միայն ցավեցնելու են՝ խլելով էներգիա, որն ունես ժպտալու եւ ապրելու համար:

Միշտ կլինեն իրավիճակներ, մարդիկ, որ քեզ կցավեցնեն՝ թողնելով զարմացած ու ապշած: Այս ամենից վեր բաներ կան: Չարի հետ նույնությամբ վարվելը քեզ իրենից լավը չի դարձնում: Մարդիկ քեզ կուզենան ցածրացնել, քանզի իրենցից վեր ես, քանզի իրենք չեն հասել այն ամենին, ինչին, որ դու ես հասել: Մի լցվիր չարությամբ ու ատելությամբ, պարզապես բացատրիր ու ներիր… Իսկ սահմանը երբեք չի վերանա:

Ես ծնվել եմ ապրելու համար: Ես ծնվել եմ սիրելու համար: Ես ծնվել եմ ժպտալու, աճելու, որոշ բաներ փոխելու համար:

Քայլելով կամ վազելով անսահմանությամբ, որն ինձ համար այս ամենն է, ես ընկնում եմ ու բարձրանում՝ միշտ հիշելով, որ իմ ժպիտը կարող է լցնել անծանոթի օրը ջերմությամբ:

Այս ամենով՝ իմ՝ մեծանալու ընթացքում «ձեռք բերած» մտքերը չեն սահմանափակվում, բայց ես չեմ դադարում զարմանալուց ու ապշելուց, պայքարելուց, լացելուց, փնտրելուց, ժպտալուց ու ուժեղանալուց, պարզապես ապրելուց:

Ես պարզապես մեծանում եմ…