Կրոն: Տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն այս թեմայի վերաբերյալ: Իսկ կրոնի թեման, հուզել է մարդկանց բազմաթիվ հազարամյակներ շարունակ և պատերազմների պատճառ դարձել: Կրոնը փոփոխվել է տարբեր ժամանակների ընթացքում, և մենք` հայերս, որ մի ժամանակ հեթանոս էինք, այժմ քրիստոնյա ենք համարվում:

Չնայած դրան` յուրաքանչյուր մարդ անհատականություն է` իր անհատական հավատքով, հավատքի մասին իր պատկերացումներով:

Սակայն ես այժմ, բնականաբար, չեմ սկսի քննադատել քրիստոնեության գաղափարախոսությունը, չնայած ինքս այդ կրոնի հետևորդ չեմ:
Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր կրոնը, հավատալիքը, և, կարծում եմ, պետք է հարգել դիմացինի կողմնորոշումը: Սակայն, ինչն ավելի կարևոր է, ինձնից բացի այդպես են մտածում մարդու իրավունքների պաշտպանները, թե ամբողջ աշխարհում, թե ՀՀ-ում կան որոշակի օրենքներ, որոնք արգելում են ոտնձգությունը դիմացինի հավատքի հանդեպ և սեփական կրոնի պարտադրումը, օրինակ` այլ հավատքի մարդուն իր կրոնի ծիսակատարություններին մասնակից դարձնելը և այլն:

Մեր կրթահամալիրում, իհարկե, հարգում են ուրիշի խղճի և հավատքի ազատությունը, սակայն այնպիսի սովորույթները, ինչպիսիք են առավոտյան պարապմունքի ժամանակ աղոթք անելը, դպրոցում քրիստոնեական ծիսակատարություններ անցկացնելը կամ էլ <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկա ուսուցանելը (ինչը , փաստորեն, Հայ Առաքելական եկեղեցու քարոզն է) հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին` ինչպիսիք են ՀՀ օրենքի հոդված 5–ի կետ 6-ը կամ էլ ՀՀ Սահմանադրության 47 հոդվածը:

Իհարկե, կարելի է ասել, որ ոչ ոք ինձ չի ստիպում առավոտյան պարապմունքի ժամանակ աղոթել կամ քրիստոնեական ծիսակատարություններին մասնակցել, բայց չէ՞ որ մարդը հասարակական կենդանի է, ինչպես շատ ժամանակ առաջ նկատել է նշանավոր մտածողը: Իսկ երբ դու կանգնած չես աղոթում ուրիշների աղոթքի ժամանակ, կամ էլ տոներին եկեղեցի չես գնում, քեզ սկսում են խեթ նայել: Մի անգամ, երբ ընկերներիցս մեկի հարցին, թե ինչու չեմ աղոթում, պատասխանեցի, որ քրիստոնյա չեմ և աստծուն չեմ հավատում, նա ասաց, որ դա նշանակություն չունի, որ պետք է աղոթել, քանի որ այդպես են անում բոլորը: Հավատացեք, շատ ծանր է: Հալածանքի նման մի բան է դառնում: Մի՞թե մարդն իրավունք չունի քրիստոնյա չլինել միայն այն պատճառով, որ մեր հասարակության մեծ մասի դավանանքը քրիստոնեությունն է: Ես ախր չեմ պարտադրում ուրիշներին իմ հավատքը, բայց ինչո՞ւ են պարտադրում ինձ: Ի՞նչ եք կարծում, ճիշտ է արդյոք աշխարհիկ կրթօջախում որևէ կրոն քարոզելը` լինի դա քրիստոնեություն, բուդդայականություն թե իսլամիզմ:
Այս թեմայով հարուցվել է դատական գործ, սակայն հասարակական կարծիքը, Ձեր կարծիքը, սիրելի ընթերցողներ, կօգնի պարզաբանել ստեղծված իրավիճակը, փնտրել լուծման ճանապարհներ…
Խնդրում եմ, արձագանքե՜ք, տվեք պարզաբանումներ և արտահայտեք Ձեր կարծիքը…