Աչքերս բացեցի: Երկու հազար տասնյոթ թվականին առաջին անգամ տեսա անամպ երկինք: Արևը փայլում էր: Փողոցն արդեն արթնացել էր: Դրեցի լսողական սարքս և սկսեցի լսել այդ թեթև հռնդյունը, կյանքի ձայները: Այսօր բովանդակալից օր է սպասվում: Տասնմեկին գնալու եմ Մեդիակենտրոն՝ ընկերներիս հետ սեղանի խաղեր խաղալու:
Իսկ քիչ անց՝ օրվա ամենագլխավոր մասը՝ գնալու եմ գրքի քննարկման: Պետք է քննարկենք Սարոյանի՝ «Իմ անունը Արամ է» գիրքը:

Անկեղծ ասեմ, չեմ կարդացել: Կարդացել եմ միայն՝ «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» , «Խորհուրդներ Ամերիկացի ճանապարհորդին» 16833494_1442521062438568_316601981_oև «Խեղճուկրակ արաբը»: Ամենից շատ հավանել էի ձիու մասին պատմվածքը:

Արևն արդեն շատ էր  բարձրացել: Մայրիկիս հետ փողոցում սպասում էի երթուղայինին: Ահա: Ճանապարհը սովորականից երկար է թվում:

Վերջապես հասանք Մոսկովյան՝ Լոֆթ: Լոֆթում երկրորդ անգամ եմ լինելու բայց, արդեն շատ եմ հավանել այն: Այնքան հավես է  այնտեղ․ կարող ես մոռանալ քո առօրյա հոգսերի մասին…

Քննարկումը սկսեց: Սկսեցինք «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմվածքից: Այստեղ ես էլ կարծիքներ հայտնեցի, որովհետև կարդացել էի: Ուշադիր լսեցի Գրիգին: Ամենալավը նա էր վերլուծում: Ուսանողները խոսում էին, թե որ կերպարն են շատ հավանել… ես հավանել էի Մուրադին ու Խոսրով քեռուն: Դեռևս ամբողջովին չեմ կարդացել գիրքը, երբ կարդամ, միգուցե մյուսների նման շատ հավանեմ Արամի զարմիկ Տիգրանին:

Թեմայից դուրս խոսեցինք նաև ռոբոտների մասին, թե արդյո՞ք ռոբոտների տարածումը մարդկության գործազրկության պատճառ կդառնա: Ես մտածում էի, որ Հայաստանում չի դառնա: Որովհետև Հայաստանը՝ որպես պատերազմային և միջին հարստության երկիր, իր փողերը չէր հատկացնի այդպիսի թանկ ռոբոտների: Եթե նույնիսկ մի երկու ռոբոտ գներ, ապա այդ երկուսը չէին կարող փոխարինել երեք միլիոնին: Իսկ մեծ և հարուստ պետություններում, Չինաստանում, Ամերիկայում, Ռուսաստանում, որտեղ լիքը փող կա, այդ ռոբոտներից կկարողանան գնել կես միլիոնից ավելի, իսկ Չինաստանում նույնիսկ երեք միլիոնից: Բնականաբար, այնտեղ գործազուրկները ավելի կշատանան…

Վերջում Գրիգը բոլորիս գրքեր նվիրեց, մայրիկիս՝ նույնպես: Ինձ նվիրեց  «Անունս Սարոյան է» գիրքը, իսկ մայրիկիս՝  «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»: Անչափ շնորհակալ եմ, Գրիգ ջան, հաճույքով կկարդամ գրքերը: Երբ տեսա, որ կարող եմ ընթերցել քո նվիրած  «Ծաղրասարյակ սպանելը», հայրիկիս նվիրած  «Թռչող Աֆրիկացին», անչափ ուրախացա, որովհետև ինձ համար բացվեց գրքերի մի նոր աշխարհ: Հասկացա, որ կարող եմ ընթերցել մեծերի՝ մեծական, գրքեր, որոնց չէի կարող ծանոթանալ ավելի փոքր տարիքում: Այժմ այդպիսի մի գիրք էլ ավելացավ իմ գրադարանում՝ « Անունս Սարոյան է», էլ առավել ուրախացա , որովհետև Սարոյանը իմ սիրելի հեղինակներից է: Ճիշտ է, նրա պատմվածքներում էլ, ինչպես մյուս բոլոր հայ գրողների պատմվածքներում, արտացոլվում է հայկական թախիծը, սակայն նրա պատմվածքներում նաև հումոր ու ժպիտ կա, ինչը շատ եմ սիրում:
Քննարկմանը պատմեցի իմ տատիկի տատիկի պատմությունը, որի մասին դուք առաջիկայում կիմանաք: Նա այնպիսի զարմանալի, հետաքրքիր ու հանրաճանաչ մարդ էր… Սոֆյա Տեր-Գալաչյանը… Մեծ տատիկիս ձեռագիր գրվածքներում տեղեկություններ կան, որոնք միայն մեզ են հայտնի: Գրիգի և երեկվա քննարկման մասնակիցների կարծիքով դրանք արժե հրապարակել: Կփորձեմ:
Ես, իսկապես, սիրում եմ ԳԻՐՔԸ: Եվ ուրախ եմ, որ արդեն կարողանում եմ մի քիչ տարբերել գրքերի լավն ու վատը….Գուցե ասեք՝ վատ գիրք չկա: Կհակադարձեմ: Այդքան առատության մեջ այդպես հնարավոր չէ:  Շնորհակալ եմ տատիկիս ու հայրիկիս, ովքեր իմ մեջ սեր են սերմանելգրքի հանդեպ և ճիշտ ու լավ գրքեր են նվիրում ինձ՝ անկախ այն բանից՝ օրը Գիրք նվիրելու է կոչվում, թե ոչ: Այդ օրն, իհարկե, պարտադիր է մեր այցելությունը գրախանութ: Այսօր հայրիկս ինձ վրացի հանրահայտ գրող Նոդար Դումբաձեի հայերեն հրատարակությունը նվիրեց՝ Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը: Ուռա․․․

Ֆոտոպատում