Ավտոբուսում մարդիկ կան չէ, որ չռված նայում են ինչ-որ մեկին, կամ հենց ձեզ են նայում ու դուք զարմանում եք, թե ինչի ա էս մարդը ինձ նայում… ինչ ա մտածում: Էդպես էլ շարունակում եք տանջվել մինչև դուք կամ էլ էդ մարդը իջնեք ավտոբուսից:

Ես էլ եմ էդ մարդկանցից, երկար նայում եմ մարդկանց, իրանց դիմագծերը, ձեռքերը, ձեռքերի կնճիռներն ուսումնասիրում, չէ որ մարդկանց դիմագծերը պատմում են նրանց անցյալի, ներկայի մասին, դիմագծերն իրենց մեջ պատմություն ունեն: Բայց մարդիկ էլ կան, որ ոչ մի դիմագիծ էլ չունեն, դատարկ են (սովորաբար էս տեսակ դեմքերին երկար չեմ նայում): Մարդկանցից բացի էլի շատ բաներ կան, որ նայում, ուսումնասիրում եմ՝ կրիայիս (պուճուր ջրային կրիա ունենք տանը), ծառերը, լվացք փռելու պարանին թառած թռչուններին, պատերի վրայի ճեղքերին, մաշված թղթերին… մի խոսքով, հասկացաք, ես սիրում եմ երկար նայել ինչ-որ բանի ու ուսումնասիրել էդ, ինչը հետո ինձ շատ օգնում ա նկարելուց, էդպես նկարներս մոտ են լինում բնությանը:

Մոռացա անունս ասեմ :Ճ Ես Էմման եմ, անունս տարբեր նշանակություններ ունի, օրինակ ասում են, թե գերմանական ծագում ունի, նշանակում է «ամբողջական», «լիքը»: Կամ առաջացել է հրեական Էմմանուել անունից, նշանակելով «Աստված մեզ հետ է»: Ըստ երրորդ տարբերակի ունի լատինական արմատներ ու նշանակում է «թանկ», «հոգևոր»: Ըստ չորրորդի՝ արաբական ծագում ունի, արաբերենից թարգմանելով կնշանակի՝ «վստահելի», «հանգիստ», «հավատարիմ»: Եվ սա դեռ ամենը չի,  հինգերորդ տարբերակ էլ կա, ըստ որի անունս ծագում է հին հունական անուններից՝ Էմիլիա, Իրմա… ու նշանակում է «համընդհանուր»:

Օրինակ՝ ինձ միշտ հետաքրքրել են մարդկանց անունները, անունների ծագումները: Մտածեցի՝ իմ անվան մասին էլ գրեմ, միգուցե ձեզ հետաքրքրի…
Բացի մարդկանց անուններից գույների անուններն էլ եմ սիրում, էդ անունները պատմում են գույնի մասին, օրինակ կապույտի մի շատ սիրուն երանգ կա՝ Կոբալտ, էդպես ա կոչվում, որովհետև ստեղծվում ա Կոբալտ քիմիական տարրից:

Ու էսպես… հաճախ եմ թարմացնում իմ մասին գրառումներս, երբ զգում եմ, որ ինչ-որ բան փոխվել ա մեջս, երբ զգում եմ որ ես փոխվել եմ :Ճ

Հ.Գ. Վերնագիրը Բարթոնի բանաստեղծություններից մեկից է՝ «Staring girl»

Նյութը՝ 11149405_657304421068747_7721955775518240240_nի, 12-րդ դաս․