11149405_657304421068747_7721955775518240240_nԿունդերան ժամանակակից ֆրանսիացի գրող է: Առաջին անգամ էի Կունդերա կարդում, առաջին անգամվա համար բավականին լավ տպավորություն թողեց:

Գիրքը առանձին մասերից, պատմություններից էր բաղկացած, տարբեր մարդկանց, տարբեր իրադարձությունների մասին: Սիրում եմ ուշադիր մարդկանց, ովքեր ամենահասարակ դեպքերի, ամենապարզ մարդկանց, ամենաանիմաստի մեջ էլ հետաքրքիր ու իմաստալից բան են գտնում: Կունդերան նկարագրում էր ամենահասարակ մարդկանց, նրանց պատմությունները, նրանց սովորական ապրելակերպը, հարաբերությունները, սերն ու դավաճանությունները, ոչ մի արտառոց բան: Բայց էդ ամենը ներկայացնում էր շատ թեթև, պարզ ձևով, բարդ չէր գրում, չէր ստիպում ընդունել իր ճիշտը: Ուղղակի գրում էր իր կարծիքը, թե ինչ է մտածում, ինչ մանրուքներ է նկատել: Վերջիվերջո, միգուցե մարդկանց հարաբերությունների բանալին էլ հենց դրանում է, միգուցե ամեն ինչ մանրուքների մեջ է, որոնք դեռ պետք է նկատվեն:

Գիրքը Տամինայի մասին էր: Տամինան կին էր, ով դժվար ու միայնակ կյանքով էր ապրում, սիրելի (որովհետև իսկապես սիրում էր) ամուսնու մահից հետո աշխատում էր ինչ-որ սրճարանում, ստանում շատ քիչ աշխատավարձ, հազիվ ծայրը ծայրին հասցնում ու գրեթե ոչ ոքի հետ չէր շփվում: Սրճարանում մարդիկ էին գալիս-գնում, նրա հետ զրուցում, մարդիկ նրան սիրում էին, որովհետև նա լսում էր, իսկապես լսում էր մարդկանց ամենատարբեր պատմությունները, նրանց հոգսերն ու խնդիրները: Կան մարդիկ, ովքեր թարմ ականջներ են որոնում իրենց հետ կատարվածը պատմելու, բայց Տամինան հեչ էդպիսին չէր:

Ու գրքի մյուս բոլոր հատվածները Տամինային պատմված պատմություններն էին, դրանք պտտվում էին նրա շուրջ: Տամինան հետաքրքիր կերպար էր: Գրքից մի համեմատություն հիշեցի. էնպես էր ստացվել, որ Տամինայի հայրն ու եղբայրը կարդացել էին (կամ հնարավոր էր, որ կարդացել էին) նրա օրագրերը, որտեղ նա պատմել էր իր ու ամուսնու հարաբերությունների մասին: Փոքր ժամանակ Տամինայի քեռին տեսել էր նրան առանց որևէ հագուստի, ու Տամինան նրա աչքերի մեջ էլ չէր նայում: Նույնը տեղի ունեցավ, երբ կարդացին իր օրագրերը՝ նման էր իրեն մերկ տեսնելուն…

Մի հատվածում հեղինակը եկավ, այսինքն` ինքը միշտ էլ կար, բայց ոչ գրքի կերպար: Բացի էդ մի հատվածից մյուս հատվածներում գլխավորը նրա ստեղծած կերպարներն էին: Եկավ ու ինքն էլ իր կյանքից մի բան պատմեց, իր, Չեխիայի, Ռուսաստանի ու խելացի մի աղջկա, ով ինչ-որ թերթում խմբագիր էր, ում հեղինակը սիրում ու հարգում էր հենց իր խելացիության համար, իր բարձրության համար: Հետո հեղինակն էլի գնաց:

Ընդհանրապես ի՞նչ են խորհրդանշում երեխաները: Կամ ինչի՞ հետ ա ասոցացվում երեխան: Անմեղությա՞ն, անհոգությա՞ն, խաղերի՞, կամ էլ նուրբ, պուպուշ ու սիրուն բանի հետ: Երևի հենց էդ պատճառով էլ Տամինան ընկավ երեխաների կղզի, երբ ցանկանում էր մոռանալ իր ամուսնուն, իր հոգսերն ու տառապանքները: Բայց… փաստորեն երեխաների աշխարհում էլ ամեն ինչ էնքան հեշտ ու անհոգ չէր:

Սիրեցի նաև Կունդերայի թեորիայանման դիտարկումները՝ ծիծաղի ու մոռացկոտության մասին: Դրանք դիտարկումներ էին իմ, ձեր, բոլորիս կյանքից, էն մասին, թե մենք երբ ենք ծիծաղում, ոնց ենք ինչ-որ բան մոռանում կամ ուր ա կորչում մեր մոռացածը:

Ու… հա, խորհուրդ եմ տալիս կարդաք էս գիրքը, կարևոր գիրք ա:

Էմմա Իսախանյան, 12-րդ դաս․