լիլիթ

Մոտ մի ամիս էլ ու կփակվի սեբաստացիական ու, առհասարակ, դպրոցական փուլը: Չնայած ես էդ փուլը նոր չէ, որ փակել եմ ինձ համար, բայց, միևնույն է, շրջանավարտի պիտակն ու տարեվերջյան մտորումներն ակամայից քեզ էլ են գցում էդ հոսքի մեջ ու դարձնում դրա մի մասնիկը: Ու հիմա, երբ ամփոփում եմ, թե ինչ եմ արել այս երեք տարիների ընթացքում մի տեսակ հակասության մեջ եմ ընկնում, որովհետև շատ բան եմ ստացել, կիրառել եմ դրանք, բայց մյուս կողմից չեմ օգտվել շատ հնարավորություններից ու միայն հիմա, երբ «ժամանակ չկա» արտահայտությունն ավելի քան տեղին է, ափսոսանք եմ զգում:

Կրթահանալիրն ինձ, իրոք, շատ բան է տվել. հիշում եմ ինձ տասներորդ դասարանում ու հիմա: Այստեղ սովորելու սկզբնական շրջանում, երբ ամեն ինչ նոր էր, շատ էի երկչում. արտահատվելիս, բանավիճելիս… բայց կար մի մթնոլորտ, որը թույլ չէր տա երկար ժամանակ դիսկոմֆորտ զգալ սեփական կարծիքը հայտնելուց: Գիտեմ, գուցե շատերիդ համար ծիծաղելի է վերը նշվածը, բայց մինչ էստեղ գալը սովոր էի տրվել միապաղաղ հոսանքին, լինել շրջանակների մեջ: Իսկ էստեղի մթնոլորտն ինձ ստիպել տալ հարցեր, փնտրել, սկզբում՝ մեծացնել շրջանակները, իսկ հետո՝ կոտրել դրանք:

Էստեղ զարգացրեցի գրավոր արտահայտման հմտություններս՝ վերլուծություններ, թարգմանություններ: Ու դա ապարդյուն չեղավ նաև նյութական տեսանկյունից. «Տիգրան Հայրապետյան» մրցանակի կարևորությունը գուցե ստանալու պահին այդքան էլ չէի գիտակցում, բայց հիմա հասկանում եմ ու հպարտ եմ, որ արժանացել եմ դրան:

Դպրոցում ինձ համար շատ կարևոր վայր է մեր գրադարանը, որն ինչքան ասես փոխեց իր տեղը, բայց մեկ է միշտ ստեղծեց ու ստեղծում է աուրա, որտեղ յուրաքանչյուրը, անկախ նրանից սիրում է կարդալ, թե ոչ, իրեն հարմար ու հանգիստ է զգում: Ինքս եղել եմ դրա ներսի մասնիկներից ու տեսել եմ, թե որքան ջանք ու եռանդ են ներդնում որակ ու հաճելի մթնոլորտ ստեղծելու համար:

Ինձ համար շատ կարևոր է այն փասը, որ միջնակարգ դպրոցս ավարտելուց հետո եմ այստեղ եկել: Դրա համար կա երկու պատճառ. առաջինը բազային գիտելիքներն են, որովհետև, եթե անկեղծ, ապա ավարտական որոշ քննություններ հենց նախորդ դպրոցումս ստացած գիտելիքների հիմքի վրա եմ հանձնելու: Մյուս պատճառը կոնտրաստն է, երբ համեմատում ես առաջին դպրոցդ ու կրթահամալիրը: Նախորդ տարիներին, երբ տարեվերջին կրթահանալիրը ներկայացնելու համար գնում էին միջնակարգ դպրոցներ, մի տեսակ շունչս կտրվում էր ու չէի էլ հավատում, որ նման համակարգում եմ սովորել նաև ես:

Մի խոսքով, սա էլ իմ խոհերը դպրոցիս մասին, որը շուտով ավարտում եմ: Ավարտում եմ՝ հասունացած լինելով նոր փուլի համար: Նոր փուլ, որը ֆորմալ առումով կսկսվի արդեն սլավոնական համալսարանում, ռեժիսուրայի ֆակուլտետում:

Իսկ վերջում ամենատեղինն ու ամենասրտանցը շնորհակալությունն է բոլոր դասավանդողներին ու տիար Բլեյանին անհատ բացահայտելու ու կրթելու համար:

 

Լիլիթ Աղաջանյան