Ես Ավետիսն եմ` երկրացի, ծնվել ու ապրում եմ այստեղ: 16 տարի է ինչ ապրում եմ, չհաշված մանկական 5 անգիտակից տարիները: Ես մարդ եմ` ով ունի երազանքներ, նպատակ, ու ձգտումներ, ինչպես շատերը: Բնավորությամբ` անթաքույց էգոիստ եմ, անկեղծ, չեմ սիրում կեղծավորներին ու անազնիվներին: Տեսակով ռեալիստ եմ, մեկ-մեկ ռոմանտիկ, չգիտեմ, կախված է տրամադրությունից ու պահից: Ինձ մոտ չի ստացվում հետաքրքիր սկզբով գրելը ուստի էսպիսին ստացվեց նյութիս նախերգանքը :D: Կյանքում կան մի քանի փուլեր` դու ծնվում ես (էստեղ բոլորը քեֆ են անում, ուրախանում, շնորհավորում), գնում ես մանկապարտեզ (չուզենալով, բայց ստիպված), հետո գնում դպրոց (էլի ստիպված, որովհետև այդ տարիքում անգիտակից ես), հետո հասնում 8-րդ դասարան ու քչից շատից հասկանում, որ կամ սվորելու ես, կամ հակառակը: Էստեղ կա մի կարևոր նրբություն, դու արդեն սկսում ես գիտակից դառնալ ու տարբերել լավը` վատից: Արդեն սկսվում է գիտակից շրջանը, դու հասկանում ես, որ սովորում ես քեզ համար ու «դազդռաստվույետ շկոլա»: Դպրոցում կարևոր է միջավայրը, տարածքը, մարդիկ, անգամ դպրոցի բակի այգին: Ինչու՞, որովհետև սա կյանքի այն 12 տարիներն են, որտեղ դու համարյա ամեն օր 6 ժամ անցկացնում ես այդ միջավայրում: Եթե դպրոցում լավ ուսուցիչներ են՝ դու նրանցից լավ բաներ ես սովորում, եթե լավն են սովորողները՝ դու ճիշտ միջավայրում ես մեծանում, եթե բակում խնամքով աճեցվում են բույսեր՝ դու սովորում ես և  կրկնօրինակում: Ահա՝ ինչու է կարևոր ամեն մի մանրուք: Իսկ եթե դպրոցը փնթի լինի, դու նույնպես էդպիսին կլինես ու էսպես շարունակ: Ահա միջավայրի կարևորությունը, ահա բանաձևը ճաշակի ու էթիկայի: Էստեղ կրթվում են սերունդներ, ու դպրոցից է կախված այդ սերնդի դաստիարակված լինելը: Ողջու՛յն, ես Ավետիսն եմ, ու ես Սեբաստացի եմ: Գիտեք՝ Սեբաստացի լինելը, ըստ` իս կարելի է վերագրել, որպես մասնագիտություն: Ասեմ ինչպես. Սեբաստացի լինել նշանակում է` լինել կիրթ, գրագետ, ունենալ կիրառելու շնորհ, լինել անկողմնակալ, ազատ` ամեն ինչում, ունենալ կարծիք, տեսակետ և անկաշկանդ ու գրագետ խոսք: Սեբաստացին` գիտի ուսման կարևորությունը, գիտի ինչպես սովորել ու ինչպես թվայինը դարձնել կրթության բաղադրիչ, գիտի կազմակերպել, կիրառել, նախաձեռնել ու շնորհակալություն հայտնել: Եթե դուք ունեք այս ամենը, շնորհավոր, դուք Սեբաստացի եք: Սա իմ առաջին մասնագիտությունն է, որի համար ես անկեղծորեն հպարտ եմ: Սա իմ կյանքի կարևորագույն շրջադարձերից է ու ես շնորհակալ եմ: Եթե ապագայում, որևէ հաղորդման հյուր լինեմ, կամ պարզապես ինչ-որ տեղ խոսեմ, իմ անվան ներքևի հատվածում գրվելու է` «լրագրող, հաղորդավար, սեբաստացի»:

Ավետիս Հարությունյան